Փարիզում ընթացող Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը ևս մեկ առիթ դարձավ ականատես լինելու թե՛ քաղաքական, թե՛ պատմական առումով աբսուրդի։
Չգիտես ում և ինչ ապացուցելու մոլուցքով՝ Հայաստանի քարտեզը կրծքին փակցնելու այս նորաձևությունն ինձ հիշեցրեց խորհրդային տարիների հուղարկավորության տխուր արարողակարգը, երբ հանգուցյալի նկարը փակցնում էին բաճկոնի դարձածալին։ Եթե պետության սահմանները միայն կրծքանշանի վրա են անփոփոխ, իսկ իրական քարտեզի վրա՝ անդադար կծկվող ու վիճարկելի, ապա սա ոչ թե հայրենասիրության խորհրդանիշ է, այլ քաղաքական անզորության դեկորացիա։ Պատմությունը ցույց է տվել, որ սահմանները պահվում են ոչ թե կրծքին փակցրած նշաններով, այլ հստակ ռազմավարությամբ և ուժային հավասարակշռությամբ։
Իսկ հիմա՝ ոչ պակաս կարևորի մասին։ Մեր երկրի ղեկավարը բարձրացել էր եվրոպական ամբիո՞ն, թե՞ կիսաբաց լուսամուտների տաղավար։ Եվրոպական բարձր հարթակներից հնչող հերթական ելույթը ստիպում է մտորել՝ ո՞րն է պետական այրի իրական առաքելությունը միջազգային հարթակներում։
Երբ նայում ես զարգացած երկրների փորձին, տեսնում ես միանգամայն այլ պատկեր։ Օրինակ՝ Գերմանիայի կանցլերը կամ Ֆրանսիայի նախագահը այլ երկրներ մեկնելիս իրենց օդանավում տեղ են հատկացնում երկրի խոշորագույն արդյունաբերողներին, տեխնոլոգիական հսկաներին և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներին, և սա պարզապես ուղեկցող անձնակազմ չէ։ Մինչ ղեկավարները քննարկում են գլոբալ քաղաքականությունը, պատվիրակության գործարար անդամները կնքում են միլիարդավոր դոլարների պայմանագրեր, իսկ այցից հետո հայտարարվում է ոչ թե ջերմ մթնոլորտի կամ ընդունելության, այլ նոր գործարանների և համատեղ ձեռնարկությունների մասին։ Եվ վերջապես, միջազգային ամբիոնը սեփական երկրի ներքին սպիտակեղենը քամուն տալու և ներքաղաքական խնդիրներից տրտնջալու տեղ չէ։ Երբ սեփական երկրի խնդիրները հանրայնացվում են հազար ու մի մեղքերի մեջ թաթախված օտարների մոտ, դա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ քաղաքական սնանկության։ Իսկ եվրոպական բարձր ծափահարությունները հաճախ ոչ թե հիացմունքի նշան են, այլ քողարկված հեգնանքի, որը մենք, ցավոք, չենք ուզում նկատել։
Ողբի ու գանգատի փոխարեն՝ Հայաստանը պետք է ներկայանար զարգացման կոնկրետ տեսլականով, տեխնոլոգիական ներուժով և ներդրումային գրավչությամբ, և մեր պետությունը պետք է ընկալվեր որպես սեփական խնդիրները լուծող հավատարիմ գործընկեր, այլ ոչ թե որպես մշտական դժբախտություններով լի մի տոպրակ։
Պետականությունն ու իրական քաղաքականությունը չեն հանդուրժում լալկանություն, օտարի դռանը սեփական տան խնդիրները բարձրաձայնողը երբեք հարգանքի չի արժանացել և չի արժանանալու։ Մեզ պետք է ոչ թե միջազգային հարթակներում ինքնախարազանվող իշխանություն, այլ սեփական երկիրը որպես կայացած, արժանապատիվ և տնտեսապես գրավիչ միավոր ներկայացնող առաջնորդություն։
Եվ՝ որպես վերջաբան. եկեք չմոռանանք, որ աշխարհը չի սիրում թույլերին, աշխարհը հաշվի է նստում միայն նրանց հետ, ովքեր գիտեն իրենց գինը և ուժը։
Արթուր Դավթյան